Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար կսահմանվի
Գործող օրենսդրության համաձայն՝ ներկայումս քաղաքացի-պարտապանի բնակարանը կամ դրա բաժինը, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` նվազագույն գումարից, բռնագանձման ենթակա չէ: Ըստ արդարադատության նախարարության՝ առաջացել է միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանելու անհրաժեշտություն: Ուստի գերատեսչությունը կառավարության հերթական՝ հուլիսի 13-ի նիստին, քննարկման է ներկայացրել պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին նախագիծը։ Ըստ որի՝ բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարի որոշման համար հիմք է ընդունվել երկու չափանիշ՝ բնակարանի նվազագույն մակերեսը և Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գինը: Մասնավորապես, նվազագույն գումարը կազմում է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի և բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալը: Բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը հաշվարկվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1մ2 մակերեսի շուկայական միջինացված գնի և բնակարանի նվազագույն մակերեսի արտադրյալով՝ 121 822 × 40 ≈ 4 900 000: Հաշվի առնելով այն հագամանքը, որ բռնագանձման ենթակա բնակարանը պարտապանին կարող է պատկանել բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով, Նախագծով սահմանվել է նաև այդ դեպքերի համար բռնագանձման ոչ ենթական միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը որոշվում է նվազագույն գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով: Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում կերաշխավորվի սոցիալական տեսանկյունից կարևորվող քաղաքացիների միակ բնակարանը պահպանելու հնարավորությունը և նրանց զերծ կպահի անօթևանության մեջ հայտնվելու սպառնալիքից:
© iravaban.net կայք