Ֆիրդուսու Շուկայի Տեղում՝ Էլիտար 33-րդ Թաղամաս
Ֆիրդուսի փողոցում գործող շուկան, ինչպես նաև հարակից տարածքները, գտնվելով Երևանի սրտում՝ Հանրապետության հրապարակին հարող տարածքում, ստեղծում են մայրաքաղաքի կենտրոնին անհարիր միջավայր: Այդ տարածքում մայրաքաղաքային համապատասխան միջավայր ստեղծելու համար ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն մշակել է 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը:
Այս օրերին Ֆիրդուսու շուկայում լռել է առևտրականների ու գնորդների աշխույժ, միալար աղմուկը: Շուտով այն կփոխարինվի շինարարական եռուզեռով. այստեղ՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ՝ Տիգրան Մեծի պողոտայի և Հանրապետության, Փ. Բուզանդի ու Խանջյան փողոցների միջակայքում նոր թաղամաս է կառուցվելու՝ բնակելի, հասարակական և սպասարկման օբյեկտներով, բիզնես կենտրոններով, հյուրանոցներով, ինչպես նաև տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիներով: Նոր թաղամասը պետք է նոր շունչ հաղորդի Հանրապետության հրապարակին հարող տարածքին՝ դարձնելով այն ավելի բարեկարգ ու գրավիչ: Ծրագրով նախատեսված տարածքը կազմում է ավելի քան 5 հա: Ինչպես գիտենք Ֆիրդուսու փողոցը երթեկելի չէր և չուներ հատվող փողոցներ: Ծրագրով նախատեսված է Տիգրան Մեծի պողոտայից, Խանջյան և Փ. Բուզանդի փողոցներից դեպի նոր թաղամասի կենտրոն ուղղել երեք ճառագայթաձև փողոցներ, որոնք հատման հատվածում կկազմեն մոտ 85մ տրամագիծով շրջան: Թաղամասի կենտրոնում կառուցվելու է Երևանի համար եզակի, շրջանաձև հրապարակ` ստորգետնյա երկհարկանի ավտոկայանատեղիով: Այն կլինի Երևանում առաջին կլոր հրապարակը: Այն ծառայելու է որպես հետիոտն հանգստի գոտի, որտեղ երևանցիները և քաղաքի հյուրերը կկարողանան վայելել իրենց երեկոյան հանգիստ զբոսանքը: Թաղամասի տարածքում կստեղծվեն կանաչ գոտիներ, խաղահրապարակներ, ջրային մակերեսներ, կտեղադրվեն ճարտարապետական փոքր ձևեր և այլն:
Կառուցապատման մակերեսը կազմելու է մոտ 200 000 քմ, խտությունը` 33%: Շենքերի թույլատրելի բարձրությունը ըստ դիրքի տատանվելու է 27-ից մինչև 50 մ, միայն տարածքի 3 հատվածներում (Խանջյան փողոցի հարևանությամբ) է թույլատրվելու իրականացնել մինչև 60 մ բարձրությամբ կառուցապատում: Կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն: Բնակելի շենքերի կառուցման իրավունք կստանան այն կառուցապատողները, որոնք իրենց նախագծերում կնախատեսեն բակային տարածքներ: Թաղամասը նաև կկահավորվի տեղաշարժման խնդիր ունեցողների համար նախատեսված համապատասխան թեքահարթակներով և անհրաժեշտ այլ պարագաներով: Քաղաքաշինության պետական կոմիտեն իր այս ծրագրի իրականացմամբ ձգտում է ստեղծել Հանրապետության հրապարակին կից հատվածի համար հարիր միջավայր: Ընդ որում, կոմիտեն վստահեցնում է, որ կառուցապատման գոտին չի ներառում տարածքում առկա հուշարձան շենքերը:
Ապագա նոր թաղամասը գտնվում է Ալ. Թամանյանի կողմից 1924 թվականին մշակված Երևանի գլխավոր հատակագծով նախանշված Հարավային (ներկայիս Տիգրան Մեծի) պողոտային հարող հատվածում: Այդ նախագծի համաձայն պողոտան պիտի կառուցապատվեր բնակելի և հասարակական նշանակության շենքերով:
Ինչ վերաբերում է 33-րդ թաղամաս անվանմանը, այն մնացել է 1972 թվականից, երբ գլխավոր հատակագծով Երևանի թաղամասերը պարզապես համարակալված էին:
Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Ներկայումս ընթանում են տարածքի իրացման աշխատանքները
]
construction.am