ՀՀ հյուպատոսարանները դրսում բնակվող ՀՀ քաղաքացիներին կադաստրի ծառայություն կմատուցեն
Կառավարության մարտի 22-ի նիստում ընդունվել է արտասահմանում բնակվող ՀՀ քաղաքացիներին կադաստրի պետական կոմիտեի ծառայությունները ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով մատուցելու օրենքի նախագիծը:
Նախատեսված կարգավորումները հնարավորություն կընձեռեն օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատած հայաստանցիներին, առանց ՀՀ այցելելու՝ հյուպատոսական հիմնարկների միջոցով, տեղում օգտվել կոմիտեի կողմից մատուցվող ծառայություններից:
ՀՀ հյուպատոսական հիմնարկների միջոցով հնարավոր կլինի դիմել և ստանալ ինչպես գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվություն, այնպես էլ ավարտական փաստաթղթեր՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ, տեղեկանքներ և այլն:
Վարչապետը հորդորել է ստեղծված հնարավորության մասին պատշաճ կերպով իրազեկել մեր հայրենակիցներին: