Նոր օրենք. բնակարան գնելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոխվում է
Կառավարությունը Հարկային օրենսգրքում կատարած փոփոխություններով հիպոթեքային վարկից օգտվողների համար նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելու դեպքում եկամտահարկի վերադարձի ծրագիրը փոփոխվում է: Այսուհետ եկամտահարկը կվերադարձվի միայն այն դեպքում, եթե շահառուն 55 մլն դրամից ցածր արժողությամբ բնակարան է ձեռք բերում: Այս չափանիշներին համապատասխանող անձը միայն մեկ անգամ կարող է օգտվել եկամտահարկի վերադարձի ծրագրից:
«Մենք այստեղ դնելու ենք բացառապես սոցիալական մոտեցում, այսինքն՝ թիրախավորելու ենք միջին և ցածր խավին: Հարց է առաջանում՝ եթե մարդն ունի մեկ բնակարան, ևս երկուսը գնում է, ապա ինչո՞ւ պետք է հարկատուների հաշվին նրա եկամտային հարկը հետ վերադարձվի: Դրա համար մենք վերաիմաստավորում ենք, փորձում ենք հարկատուների փողերն ավելի նպատակային ծախսենք: Չպետք է թույլ տանք, որ մարդը, լինելով ունևոր, հարկատուների հաշվին օգտվի այս նորմից, դա ճիշտ չէ»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Նա նշեց, որ այս դրույթը 2018 թվականի հունվարի մեկից կմտնի ուժի մեջ, օրենքը հետադարձ ուժ չի ունենա: Վարդան Արամյանն ասաց, որ իրենց դիտարկումները ցույց են տալիս հետևյալը՝ 2016-2017 թվականներին ծրագրի շահառուների շուրջ 80 տոկոսը եղել են 55 մլն դրամից ցածր բնակարան ձեռք բերողները: Թեկուզ թանկարժեք բնակարան գնողները 20 տոկոս են կազմել, բայց պետք է այնպես անել, որ դա էլ չլինի: