Երևանում կա 4835 բնակելի շենք, ամենաշատը՝ Կենտրոնում
Երևանում հաշվառված են 1-9 և դրանից բարձր հարկ ունեցող 4835 հատ բնակելի բազմաբնակարան շենքեր։ 1-9 հարկանի շենքների թվաքանակում գերակշռող հատվածը հինգ հարկանիներն են, այնուհետև` ինը հարկանիները։ Երևանում ամենաքիչ թվաքանակով կառուցված են մեկհարկանի բնակելի շենքեր՝ 22 հատ։
Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերի ամենամեծ քանակը Կենտրոն վարչական շրջանում է, այնուհետև` Արաբկիրում, իսկ ամենաքիչը՝ Նորք Մարաշ վարչական շրջանում։
Համաձայն Երևանի քաղաքապետարանի տվյալների՝ 1991 թվականից հետո մայրաքաղաքում կառուցվել է 170 բնակելի շենք։ Քաղաքապետարանի թվային այս տվյալին, սակայն, չենք կարող լիովին վստահել, քանի որ, ըստ դրա` երրորդ հանրապետության տարիներին Արաբկիր վարչական շրջանում շենք չի կառուցվել, այնինչ այդ վարչական շրջանի թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մհեր Մանթաշյանը մեզ հետ զրույցում պարզաբանել է, որ Արաբկիրում կառուցված նոր շենքեր ունեն։
Այնուամենայնիվ, այդ տվյալները ցույց են տալիս, որ վերջին 25 տարիներին կառուցապատողներին ամենաշատը «գրավել է» Կենտրոն վարչական շրջանը. ամենամեծ թվաքանակը հաշվառվել է այստեղ՝ 126 հատ, հաջորդիվ՝ Աջափնյակում, սակայն, այս դեպքում՝ ավելի քան 10 անգամ քիչ։
Քաղաքապետարանի՝ «Հետք»-ին փոխանցած վթարային շենքերի տվյալներով՝ մայրաքաղաքում առկա են 4-րդ կարգի 2, 3-րդ կարգի 98, 2-րդ կարգի 30 բազմաբնակարան շենքեր: Այսինքն՝ Երևանում դեռևս շահագործվում են 130 վթարային շենքեր։
Քաղաքապետարանից հայտնել են, որ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը իրականացվել է Երևան քաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի վերաբնակեցման գործընթաց: Դրանցից Տիգրան Մեծի պողոտայի հ. 47 շենքի վերաբնակեցման գործընթացն ընթացքի մեջ է: 2015-2016 թվականների ընթացքում քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» ԲԲԸ-ի կողմից տրամադրված եզրակացությունների հիման վրա Երևան քաղաքում հաշվառվել են ևս երկու՝ Արցախի 4-րդ նրբանցքի հ. 8 և հ.10 4-րդ կարգի վթարային բազմաբնակարան շենքերը:
Իսկ 2016 թվականին Երևան քաղաքում վերաբնակեցվել են Շինարարների փողոցի հ. 35 շենքի 1-ին մուտքի և Տիգրան Մեծի պողոտայի հ. 47 շենքի (ներկայումս գտնվում է ընթացքի մեջ) բնակիչները:
Բացի այդ, Երևան քաղաքում 2000-2016 թվականների ընթացքում տրամադրվել են թվով 456 համաձայնեցված բազմաբնակարան բնակելի շենքերի նախագծեր:
«Շենքը պետք է իր միջավայրն ունենա»
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի գնահատմամբ՝ Խորհրդային միության ժամանակ և ներկայում շենքերի կառուցման «մոտեցումների» փոփոխություն կա։ Մասնավորապես՝ Խորհրդային միության ժամանակ պետությունը համարվում էր միակ կառուցապատողը, այսինքն՝ իր գերատեսչություններով էր իրականացնում կառուցապատումը` յուրաքանչյուր անձին «ընկնող» մակերեսի հաշվով, իսկ այժմ այս նորմը արդեն չի գործում։ Ըստ ճարտարապետի, այժմ գործում է միայն մեկ պայման՝ եթե բնակիչը հնարավորություն ունի վերցնել մեծ մակերեսով բնակարան, վերցնում է այն՝ ուշադրություն չդարձնելով՝ այդ ընտանիքի անձանց քանակին։
Ճարտարապետը կարծում է՝ Երևանում շատ հաջող կառուցված բնակելի շենքեր կան, սակայն դրանց կողքին նաև կան այնպիսիները, որոնք առանձին վերցված հաջող են, սակայն դրված են ոչ իրենց տեղում։ Որպես օրինակ` նշում է Կենտրոն վարչական շրջանում կառուցված որոշ բարձրահարկ շենքեր, որոնք կենտրոնի ողջ ներդաշնակությունը «խզում են»։
«Բացի նրանից, որ բազմաբնակարան շենքը պետք է շատ հարմարավետ, կայուն լինի, այն նաև պետք է իր միջավայրն ունենա։ Այս դեպքերում երբեմն առաձին կետային կառույցները, որոնք հայտնվել են քաղաքի հենց կենտրոնում, երբեմն իհարկե այն տպավորությունը չեն թողնում, որ դրանք արված են իրոք ճիշտ, իրոք տեղում»,- ասում է Մինասյանը։
Միության նախագահը ճարտարապետական նման սխալներից ձերբազատվելու միջոց է համարում քաղաքի կենտրոն մասին օրենքի ընդունում։
Վաստակավոր ճարտարապետը կցանկանար, որ երևանյան բնակելի շենքերը հարմար և իրենց միջավայրում կառուցված լինեին՝ չազդեին քաղաքի տեսքի վրա, լրացնեին միմյանց, բացի այդ, նոր կառուցվող բնակելի շենքերն ու թաղամասերը առավել կանաչապատ լինեին, ունենային բակային տարածքներ։
լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի /hetq.am