Ժառանգության պարտադիր բաժնի իրավունք
Մեր հասարակությունում հաճախ մարդիկ մտածում են, որ կտակի առկայության պայմաններում կտակում չնշված ժառանգները ժառանգությունից բաժին ստանալու իրավունք չունեն: Մինչդեռ, հարկ է նշել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժով՝ պարտադիր բաժին է համարվում ժառանգի իրավունքը, անկախ կտակի բովանդակությունից, ժառանգելու այն բաժնի առնվազն կեսը, որը նրան կհասներ ըստ օրենքի ժառանգելու դեպքում: Նույն հոդվածի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակ պարտադիր բաժնի իրավունք ունեն ժառանգատուի անչափահաս երեխաները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները:
Վերոնշյալ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ նույնիսկ այն դեպքում, երբ կտակով ժառանգություն չի հատկացվել ժառանգատուի անչափահաս երեխաներին, ժառանգատուի հաշմանդամ կամ անգործունակ ճանաչված կամ 60 տարեկան դարձած երեխաներին, ժառանգատուի ամուսնուն, ծնողներին, ժառանգության բացման ժամանակ վերջիններս իրավունք ունեն պահանջել իրենց պարտադիր բաժինը:
Աղբյուրը՝ iravaban.am